ԱՄՆ հետախուզական հանրությունը դիտարկում է այն հնարավորությունը, որ ամերիկյան կործանիչների կողմից խոցված երեք առեղծվածային անհայտ օբյեկտները կապված են եղել կոմերցիոն կամ այլ անվնաս թիրախի հետ, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության ներկայացուցիչ Ջոն Քիրբին, հայտնում է Reuters-ը։

Միեւնույն ժամանակ, Քիրբին լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը մինչ այժմ հստակ պատկերացում չունի երեք օբյեկտների ծագման մասին։

Նրա խոսքով՝ ավելի շատ բան հայտնի կդառնա, «եթե եւ երբ հաջողվի հավաքել բեկորները»:

Նա պարզաբանել է, որ կործանված օբյեկտների մասերը գտնվում են դժվարամատչելի վայրերում՝ երկուսը սառած հյուսիսում եւ մեկը՝ Հուրոն լճի վրա։ Քիրբին հայտարարել է, որ բեկորները, պարզվել է, դժվար է վերականգնել։

Նա ասել է, թե որեւէ նշան չկա, որ երեք օբյեկտները կապված են եղել օդապարիկների ստեղծման չինական լրտեսական ծրագրի հետ: Քիրբին հաստատել է, որ կործանիչը, որը խոցել է օբյեկտը Հուրոն լճի վրա, բաց է թողել նախնական հրթիռը, եւ այն ընկել է լիճը։

Այլ բացատրությունների բացակայության պայմաններում Քիրբին ասել է, որ հետախուզական համայնքները դիտարկում են այն հնարավորությունը, որ երեք օբյեկտները կարող էին լինել օդապարիկներ՝ «կապված ինչ-որ կոմերցիոն կամ անվնաս նպատակի հետ»:

Հիշեցնենք, որ փետրվարի 4-12-ն ընկած ժամանակահատվածում ամերիկյան կործանիչները չորս օդապարիկ են խոցել, որոնցից առաջինը, պարզվել է, չինական աերոստատ է։ Մնացած օդային օբյեկտների ծագումը դեռեւս անհայտ է։