Միանվագ գործողությունը չի նշանակում սահմանի բացում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը՝ անդրադառնալով նրան, որ վերջին օրերին Մարգարայի կարմջով 2 անգամ Հայաստանից մարդասիրական օգնություն է ուղեւորվել դեպի Թուրքիա եւ վերադարձել:

Նրա խոսքով, Հայաստանի նպատակը ոչ թե 1-2 առիթով Թուրքիայի հետ ունեցած անցակետերի բացումն է, այլ սահմանի լիակատար բացումը. «Այդ առումով ուրախությունը մի քիչ ժամանակավրեպ է: Մյուս կողմից սահմանի բացումն իր հետ բերում է մի շարք կարեւորագույն հարցեր, որոնց պատասխանը մենք նույնպես չունենք: Մեզ ներկայացվում է, որ սահմանների բացումը մեր համարյա բոլոր խնդիրների լուծման լավագույն տարբերակն է: Ես կարծում եմ հակառակը, սահմանների բացումը, եթե հայկական կողմը դրան չի պատրաստվում,  որոշակի քայլերի չի գնում, ավելացնում է այն անվտանգային մարտհրավերների թիվը, որոնք ունենք այսօր մեր առջեւ: Այդ առումով որեւէ տեղեկություն, թե հայկական կողմն ինչ է պատրաստվում անել  սահմաններկի բացման դեպքում՝ ապահովելու հավասար տնտեսական հնարավորություններ մեր գործարարների համար: Սահմանների բացման խնդիրը հիմնականում ներկայացվում է այն կտրվածքով, որ դա թույլ է տալու թուրքական էժան ապրանքը բերել  Հայաստան, իսկ հայկական ապրանքը արտահանել Արեւմուտք: Հարց է առաջանում.  Իսկ հայ գործարարներն իրավունք ստանալո՞ւ են աշխատել Թուրքիայի տարածքում: Արդյոք թուրքական կողմի հետ կա՞ պայմանավորվածություն, որ դրա համար կստեղծվեն համապատասխան  օրենսդրական եւ մի շարք այլ կարգավորումներ: Դա բավական լուրջ գործընթաց եւ եւ այն հնարավոր չէ կարգավորել  միայն մեկ դեպքով»,-ընդգծեց Միրզոյանը:

Դրանից բացի, ըստ նրա, պետք է հասկանալ, թե ՀՀ իշխանություններն ինչ ակնկալիքներ ունեն սահմանի բացումից, որն է դրա տնտեսական էֆեկտը, արդյոք Հայաստանի տնտեսությունն ի վիճակի է օգտվել այդ հնարավորությունից. «Դրան գումարվում են անվտանգային գործոնները, որոնց մասին որեւէ տեղ որեւէ բացատրություն չեմ տեսել»: