Ջորջիա նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ վեգանությունը կարող է ավելի վնասակար լինել կլիմայի համար, քան մսակերությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Journal of Political Ecology-ում:

Անասնաբուծությունը ջերմոցային գազերի հիմնական աղբյուրներից մեկն է, որը զգալիորեն նպաստում է կլիմայի գլոբալ փոփոխությանը: Հետեւաբար, շատ մարդիկ հրաժարվում են մսից եւ այլ կենդանական ծագման արտադրանքներից:  

Գիտնականները պարզել են, որ սոյայի արտադրանքներից շատերը, որոնք վեգաններն օգտագործում են բավարար քանակությամբ սպիտակուցներ ստանալու համար, արտադրում են սպառողից հեռու: Ամենից հաճախ ՝ Հնդկաստանում, Մալայզիայում եւ Նիգերիայում: Դրա համար անտառների մեծ հատվածներ են հատվում։ Այսպիսով, վեգանները կարող են ակամա վնասել այդ երկրների բնակիչներին։ 

Բացի այդ, ապրանքների փոխադրումն ինքնին կապված է ջերմոցային գազերի արտանետման հետ։ 

Հետազոտողները նաեւ ցույց են տվել, որ կարճ մատակարարման շղթաներով փոքր անասնաբուծական ֆերմաները կարող են ավելի քիչ վնաս հասցնել շրջակա միջավայրին, քան խոշոր արտադրողները, ուստի, ընդհանուր առմամբ, մսի չափավոր օգտագործումը կարող է ավելի օգտակար լինել մոլորակի համար, քան զանգվածային անցումը վեգանությանը։