Կամբոջային են վարադարձվել կխմերների կայսրության ժամանակաշրջանի թանկարժեք իրեր, որոնք հայտնվել էին Լոնդոնում։ Այս մասին տեղեկացրել է The Guardian-ը՝ հղում կատարելով Կամբոջայի մշակույթի նախարարությանը։
Հանրությանը մինչ այժմ չներկայացված թանկարժեք իրերի մեջ են անգկորյան շրջանի (IX-XIV դարեր, կխմերների կայսրության բարգավաճման շրջան) գանձեր։ Հավաքածուն բաղկացած 77 առարկայից, որոնք գտնվում էին հնաոճ իրերի բրիտանացի վաճառական Դուգլաս Լետչֆորդի ընտանիքի տնօրինության տակ։ Նա մահացել է 2020թ.։
Երբ Լետչֆորդը մահացավ, ԱՄՆ-ում պատրաստվում էին նրա դեմ արվեստի առարկաների մաքսանենգության վերաբերյալ հարուցված գործի լսումներին։ Դրանից հետո նրա ժառանգները համաձայնության եկան Կամբոջայի կառավարության հետ՝ թանկարժեք իրերը երկրին վերադարձնելու մասին։
Նախարարության հայտարարության համաձայն, ուրբաթ օրը՝ փետրվարի 17-ին, գաղտնի Կամբոջա բերված հավաքածուում զարդեր են՝ պատրաստված ոսկուց եւ այլ թանկարժեք մետաղներից, որոնք պատկանում են մինչանգկորյան եւ անգկորյան դարաշրջաններին, ներառյալ թագեր, մանյակներ, ապարանջաններ, գոտիներ, ականջօղեր եւ հմայիլներ։
Կխմերյան կայսրության գանձերը երկրից հափշտակվել էին 70-ական թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ. դրանք վաճառվել էին Թաիլանդի եւ Հոնկոնգի վաճառականների օգնությամբ։ Այժմ Կամբոջայի կառավարությունը դրանք երկիր վերադարձնելու աշխատանք է տանում։
2021թ. Դուգլաս Լետչֆորդի ընտանիքն արդեն Կամբոջային էր հանձնել հինգ քարե եւ բրոնզե իրեր։ 2022թ. ԱՄՆ-ից երկիր է վերադարձել 30 առարկա, այդ թվում բուդդայական եւ հինդուիստական աստվածների քարե եւ բրոզե արձանիկներ՝ ստեղծված ավելի քան 1000 տարի առաջ։





























