Ադրբեջանում էթնիկ հայկական անկլավ հանդիսացող Լեռնային Ղարաբաղի բնակիչներն ավելի ու ավելի շատ դժվարություններ են ապրում այն բանից հետո, երբ 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը՝ ճանապարհը, որը Լեռնային Ղարաբաղը եւ Հայաստանը կապում է արտաքին աշխարհին, փակվել է կանոնավոր երթեւեկության համար, ասվում է Human Rights Watch-ի նոր զեկույցում https://www.hrw.org/news/2023/02/21/hardship-nagorno-karabakh-lifeline-road-remains-blocked
40-ամյա Արմինեն, որն իր ընտանիքի հետ ապրում է Լեռնային Ղարաբաղում, Human Rights Watch-ին պատմել է, որ ինքը միակ կերակրողն է այն բանից հետո, երբ ամուսինը կորցրել է տաքսու վարորդի աշխատանքը վառելիքի բացակայության պատճառով:
Նրա երեխաները՝ 12 եւ 14 տարեկան, վերջերս փայտի վառարաններ տեղադրելուց հետո նորից սկսել են դպրոց հաճախել, սակայն մյուս դպրոցները դեռ փակ են ջեռուցման բացակայության պատճառով։ Սննդամթերքը գնալով պակասում է, իսկ գները՝ աճում են։ Արմինեն հիշում է, թե ինչպես է ցրտին երկու ժամ կանգնել, որպեսզի ձու գնի։
Արմինեն այժմ իր օրը պլանավորում է հաշվի առնելով էլեկտրականության ամենօրյա անջատումները: Այն մի քանի ժամվա ընթացքում, երբ լույսը հասանելի է, նա պետք է կերակուր պատրաստի եւ անի բոլոր տնային գործերը, տաքացնի երեխաների սենյակը եւ օգնի նրանց կատարել տնային աշխատանքները:
Արմինեի պատմությունը բացառություն չէ.
Ըստ HRW-ի զեկույցի՝ Լաչինի միջանցքի փակումը խափանել է Լեռնային Ղարաբաղում ապրող հազարավոր էթնիկ հայերի համար հիմնական ապրանքների եւ ծառայությունների հասանելիությունը եւ թույլ չի տվել նրանց լքել տարածաշրջանը ու վերադառնալ տուն: Մի դեպքում մի քանի տասնյակ դպրոցականներ, այդ թվում՝ Արմինեի դուստրը, դպրոցական ճամփորդությունից հետո գրեթե երկու ամիս մնացել էին Հայաստանում։
2022 թվականի դեկտեմբերից մի քանի տասնյակ ադրբեջանցիներ ցույցեր են անցկացնում Լաչինի ճանապարհին՝ պահանջելով հասանելիություն Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների կողմից վերահսկվող տարածքներում հանքավայրերին։ Ռուս խաղաղապահ ուժերը հսկում են ճանապարհը 2020 թվականին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի ավարտից հետո։ Բողոքի ցույցերի սկսվելուց հետո նրանք պատնեշել են ճանապարհը՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
«Ադրբեջանի իշխանությունները հերքում են ճանապարհի փակման պատասխանատվությունը, սակայն աջակցում են բողոքի ցույցերին»,- նշվում է զեկույցում։
Թեեւ ռուս խաղաղապահները եւ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի բեռնատարները կարող են անցնել ճանապարհով, որպեսզի առաջին անհրաժեշտության ապրանքներ հասցնեն եւ ծանր հիվանդ պացիենտներին տեղափոխեն Հայաստան, Լաչինի միջանցքի խախտումը հումանիտար ճգնաժամ է առաջացնում, քանի որ շատ կարիքներ մնում են չբավարարված, նշել են հեղինակները։
Արմինեի հայրը քաղցկեղով հիվանդ է եւ պետք է իր գյուղից պարբերաբար մեկնի Ստեփանակերտ, սակայն վերջերս բաց է թողել բժշկին այցելությունները՝ վառելիքի եւ տրանսպորտի բացակայության պատճառով:
Ադրբեջանի իշխանությունները եւ ռուս խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ բողոքի ակցիաները Արմինեին եւ Լեռնային Ղարաբաղի մյուս բնակիչներին չզրկեն իրենց իրավունքներից, ներառյալ՝ առողջապահության, հիմնական ծառայություններին եւ ապրանքներին հասանելիության իրավունքը, ինչպես նաեւ ազատ տեղաշարժվելու իրավունքը, վստահեցնում են զեկույցի հեղինակները։





























