Սիրիայի Տարտուս եւ Համա նահանգների գյուղական հատվածներում գտնվող որոշ թիրախների ուղղությամբ իսրայելական հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է երեք զինվոր, հայտնում է երկրի պետական լրատվական գործակալությունը՝ SANA-ն։

«Կիրակի առավոտյան ժամը 07:15-ի սահմաններում իսրայելական թշնամին օդային ագրեսիա է ձեռնարկել՝ հրթիռակոծելով հյուսիսային Լիբանանից՝ թիրախավորելով Տարտուս եւ Համա նահանգների գյուղերում որոշ թիրախներ․ մեր հակաօդային պաշտպանությունը խոցել է հրթիռներից մի քանիսը», - հայտնում է SANA-ն՝ վկայակոչելով աղբյուրին․ «Ագրեսիայի հետեւանքով վիրավորվել է երեք զինծառայող, պատճառվել է նաեւ նյութական վնաս»։

Սա Իսրայելի զինված ուժերի կողմից վերջին շրջանի առաջին հրթիռային հարձակումը չէ Սիրիայի ուղղությամբ։ Փետրվարին 5 մարդ է զոհվել, եւս 15-ը վիրավորվել են, երբ իսրայելական հրթիռները թիրախավորել են Դամասկոսն ու շրջակայքը, այդ թվում՝ բնակելի թաղամասերը:

Հիշեցնենք, որ Սիրիան նույնպես տուժել է ավերիչ երկրաշարժից։