Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «ՀայՌուսգազարդին»` սեպտեմբերի  22-ին ժամը 11:00-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Վրացական ընկերությունը նախատեսում է իրականացնել Սագուրամո-«Կրասնի Մոստ»  1000 մմ մայրուղային գազատարի  նոր հատվածի միացման աշխատանքներ՝ Թբիլիսիի շրջատար  ավտոճանապարհի վերակառուցման հետ կապված:

Նախատեսվում  են նաեւ սողանքային հատվածի վերանորոգման եւ գազի արտահոսքի վերացմանն ուղղված աշխատանքներ:

Աշխատանքների ավարտի մասին վրացական կողմը կտեղեկացնի լրացուցիչ:

Այս ընթացքում հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին` առանց սահմանափակումների: