Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը, սեպտեմբերի 23-25-ին, պաշտոնական այցով կլինի Ֆրանսիայի Նիցցա քաղաքում:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այցն իրականացվելու է Նիցցայի քաղաքապետ, Ալպ Մարիտիմի պատգամավոր, Նիցցա-Կոտ դ’Ազյուր միջհամայնքային միության նախագահ Քրիստիան Էստրոզիի հրավերով:
Այցի նպատակը Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ կազմակերպվող ընդունելությանը, ինչպես նաեւ 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ռուբեն Սեւակի հուշակոթողի բացման արարողությանը մասնակցելն է:
Երեւանը եւ Նիցցան 2007թ. սեպտեմբերից քույր քաղաքներ են:Այցի ընթացքում նախատեսվում է հանդիպում Նիցցայի քաղաքապետի հետ, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր:Նախատեսվում են նաեւ քաղաքապետ Կարեն Կարապետյանի մի շարք հանդիպումներ ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչների հետ:




























