ԱՄՆ-ում նավթի կոմերցիոն պաշարները (առանց ռազմավարական պաշարների) մարտի 24-ին ավարտված շաբաթվա ընթացքում նվազել են 7,5 միլիոն բարելով կամ 1,6 տոկոսով՝ մինչեւ 473,7 միլիոն բարել։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին, դա հետեւում է երկրի էներգետիկայի նախարարության էներգետիկ տեղեկատվության վարչության ամենշաբաթյա տեսությունից։
DailyFX պորտալի կողմից հարցված վերլուծաբանները, ընդհակառակը, ակնկալում էին պաշարների ավելացում 0,1 մլն բարելով։
Միաժամանակ ԱՄՆ-ում նավթի ռազմավարական պաշարը չի փոխվել՝ ցուցանիշը հունվարից պահպանվել է 371,6 մլն բարելի մակարդակում։ Մինչ այդ 2021 թվականի սեպտեմբերից այն շաբաթական նվազում էր։ Արդյունքում, այժմ այս պահուստը դեռեւս գտնվում է 1983 թվականի դեկտեմբերից ի վեր ամենացածր մակարդակի վրա։
Քուշինգում (Cushing) երկրի ամենամեծ տերմինալում նավթի պաշարները հաշվետու ժամանակաշրջանում նվազել են մինչեւ 35,2 միլիոն բարել՝ 36,8 միլիոնից:
Միաժամանակ ԱՄՆ-ում բենզինի պաշարները նվազել են 2,9 մլն բարելով (1,3%-ով)՝ հասնելով 226,7 մլն-ի։ Վերլուծաբաններն սպասում էին 1,6 մլն բարելի ցուցանիշի անկում։ Թորվածքի պաշարներն աճել են 0,3 մլն բարելով (0,2%-ով) եւ կազմել են 116,7 մլն բարել։ Կանխատեսվում էր 1,5 մլն-ով նվազում։




























