Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ կապերն ակտիվացման կարիք ունեն։ Այս մասին սեպտեմբերի 23-ի ասուլիսին հայտարարեց Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդիկա Պրունարիուն։

Դիվանագետը հիշեցրեց, որ Ռումինիան առաջիններից մեկն է ճանաչել Հայաստանի անկախությունը, իսկ դեկտեմբերի 17-ին կլրանա երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20 տարին։

Երկու ժողովուրդների միջեւ հարաբերությունները 600 տարվա պատմություն ունեն, իսկ հայկական առաջին եկեղեցին Ռումինիայում կառուցվել է 1401 թվականին։ Նշելով Ռումինիայի տարբեր ոլորտներում հայերի ներդրումների մասին՝ դեսպանը նկատեց, որ համայնքն օժտված է սահմանադրական բոլոր իրավունքներով եւ իր ներկայացուցիչն ունի խորհրդարանի Ստորին պալատում։

Դեսպանի խոսքով, Հայաստանի անկախության 20 տարիներին նախագահների մակարդակով 7 այց է տեղի ունեցել, բազմաթիվ հանդիպումներ նախարարների մակարդակով։ Զարգանում է համագործակցությունը մշակույթի եւ կրթության ոլորտներում։ Մասնավորապես, 2007 թվականին Երեւանի Վ. Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում ռումիներենի բաժին է բացվել։ Բուխարեստում հայերենի կուրսեր են գործում։

Միաժամանակ, տնտեսական կապերը զարգացման կարիք ունեն։ Պատճառը տրանսպորտային ուղիղ ճանապարհների բացակայությունն ու համաշխարհային տնտեսական ճգնաժամն են։ Առաջին կիսամյակի տվյալներով, Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ ապրանքաշրջանառությունը կազմել է 2,3 մլն դոլար՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 27 տոկոսով։

Դեսպանի խոսքով, Ռումինիան կողմ է Հարավային Կովկասում կայունությանը եւ կցանկանար, որպեսզի տարածաշրջանի երկրները ավելի մերձենան եվրոպական արժեքներին, այդ թվում՝ ժողովրդավարությանը, քաղաքական երկխոսությանը, ինչպես երկրի ներսում, այնպես էլ տարածաշրջանում։ «Որպեսզի հակամարտությունների նոր օջախներ չհայտնվեն։ Եւ ամենամեծ ցանկությունը՝ լուծել գոյություն ունեցող հակամարտությունները»,- ասաց դեսպանը։