Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը գլխավորում է երկրի վարչապետ Սաննա Մարինը, պարտվել է պահպանողականներին, տեղեկացրել է YLE հանրային հեռարձակող ընկերությունը։
Ընտրաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ ընդդիմադիր պահպանողականներն Ազգային կոալիցիոն կուսակցությունից, որը գլխավորում է Պետերի Օրպոն, 20,8 տոկոս ձայն են հավաքում, աջ պոպուլիստները «Իսկական ֆիններ» կուսակցությունից, որը գլխավորում է Ռիիկա Պուրան, հավաքել է 20,1 տոկոս, իսկ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը ղեկավարում է Սաննա Մարինը, զբաղեցրել է երրորդ տեղը՝ 19,9 տոկոս ձայն։
Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն չորեքշաբթի՝ ապրիլի 5-ին, բայց Մարինն արդեն ընդունել է պարտությունը։
Ազգային կոլաիցիոն կուսակցությունը, YLE-ի հաշվարկներով, նոր խորհրդարանում կունենա 48 տեղ, «Իսկական ֆինները»՝ 46 տեղ, իսկ սոցիալ-դեմոկրատները՝ 43։ Կուսակցություններից ոչ մեկը չի կարող ինքնուրուն կառավարություն ձեւավորել, եւ նրանք պետք է կոալիցիա ստեղծեն։ Մեծամասնության համար անհրաժեշտ է ավելի քան 100 տեղ խորհրդարանում։
Խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ստացած կուսակցությունը կունենա նոր կառավարություն ձեւավորելու առաջնահերթ իրավունք։ Ազգային կոալիցիոն կուսակցության ղեկավար Պետերի Օրպոն արդեն հայտարարել է, որ պատրաստ է կոալիցիայի մասին բանակցություններ վարել բոլոր ուժերի հետ։





























