Ռեֆորմիստական կոալիցիան՝ նախկին վարչապետ Կիրիլ Պետկովի գլխավորությամբ, հավանաբար կհաղթի Բուլղարիայի խորհրդարանական ընտրություններում. էքզիտ-պոլերի արդյունքները ցույց են տվել, որ կուսակցությունը զբաղեցրել է առաջին տեղը կիրակի՝ ապրիլի 2-ին կայացած քվեարկության ժամանակ, տեղեկացրել է Euronews-ը։
Հարցումը ցույց է տվել, որ «Շարունակում ենք փոփոխությունները» եւ աջ «Դեմոկրատական Բուլղարիա» կուսակցությունների կոալիցիան հավաքել է 25,6 տոկոս՝ առաջ անցնելով նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի աջ կենտրոնամետ ԳԵՐԲ կուսակցությունից (որը հավաքել է 24,8 տոկոս ձայն)։
Առաջին արդյունքներն սպասվում են երկուշաբթի, բայց մինչեւ վերջնական պաշտոնական արդյունքների հայտարարումը կարող է մի քանի օր անցնել։ Եթե դրանք հաստատեն էքզիտ-պոլերի արդյունքները, Պետկովի կոալիցիան կստանա կառավարություն ձեւավորելու մանդատ։
Սակայն, ինչպես երեւում է, նրա խնդիրը հեշտ չէ՝ դաշնակիցներ գտնել կառավարող կոալիցիա կազմավորելու համար պառակտված խորհրդարանում։
Ինչպես կանխատեսել էին քաղաքական վերլուծաբանները, արդյունքները, որոնք այնքան էլ չեն տարբերվում նախորդ չորս ընտրություններից (որոնք տեղի են ունեցել վերջին երկու տարում), կարող են հանգեցնել կենսունակ կոալիցիայի ստեղծման։ Չնայած չի բացառվում նաեւ եւս մեկ ընտրության անցկացման հնարավորությունը։
Բուլղարիայում, որն այսօր Եվրամիության ամենաաղքատ անդամն է, տեղի են ունեցել երկու տարվա ընթացքում հինգերորդ համընդհանուր ընտրությունները։ Քաղաքական առաջնորդները հույս ունեն, որ ընտրությունները վերջ կդնեն անորոշ վիճակին կառավարությունում եւ կապահովեն տնտեսական դժվարությունները հաղթահարելու ուղին, ինչը պայմանավորված է այդ թվում նաեւ Ուկրաինայում պատերազմով։




























