Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ճեպազրույց է ունեցել Քիշնեւի միջազգային օդանավակայանում, որը վերադարձվել է պետական կառավարման։

«2013թ. խարդախ գործարքների միջոցով Շորը կոնցեսիայով վերցրել էր օդանավակայանը։ Այս ինը տարիներին մենք կորցրել ենք 1,6 մլրդ լեւ։ Մենք կարողացանք համախմբվել, ծանր պայքար մղեցինք, անցանք դատարաններով։ Այսօր արդարությունը հաղթանակել է, օդանավակայանը կրկին պատկանում է քաղաքացիներին։

Ես խնդրում եմ պետական հաստատություններին վերանայել ուղեւորներից 9 եվրո հավաքելու հարցը եւ ապահովել օդանավակայանի օպտիմալ աշխատանքը՝ ավելի շատ երթուղիներ օգտագործելու հնարավորություն ունենալու համար։ Արդարադատությունը պետք է ապահովի պատիժ այս թալանի պատասխանատու բոլոր անձանց համար»,- ասել է Սանդուն, տեղեկացրել է bani.md-ն։

Քիշնեւի միջազգային օդանավակայանը, որը կոնցեսիայով վերցրել էր Avia Invest ընկերությունը, վերադարձել է պետական կառավարման 2022թ. նոեմբերի 23-ին Քիշնեւի վերաքննիչ դատարանի որոշմամբ։

Avia Invest-ը, որը ռուսամետ գործիչ Իվան Շորի ենթակայության տակ է, 49 տարով կոնցեսիայով վերցրել էր միջազգային օդանավակայանը, իսկ պետությունը հայց էր ներկայացրել ընկերության դեմ եւ պահանջել խզել կոնցեսիայի պայմանագիրը։

Ի պատասխան՝ Avia Invest-ը Ստոկհոլմում Մոլդովայի դեմ արբիտրաժային դատարան է դիմել։ Ընկերությունը Քիշնեւի իշխանություններին մեղադրել է  իր վրա ճնշում գործադրելու մեջ եւ պահանջում է 855 մլն եվրոյի փոխհատուցում։ Առայժմ որոշում չկա։