Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռումինիայի ԱԳ նախարար Բոգդան Աուրեսկուի հետ: Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված կազմով՝ երկու պատվիրակությունների մասնակցությամբ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպումից հետո նախարարները ստորագրել են «2023-24թթ. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ռումինիայի արտաքին գործերի նախարարության միջև գործողությունների պլանը»: Նախարարների ներկայությամբ տեղի է ունեցել նաև հայ-ռումինական համատեղ նամականիշի մարում՝ նվիրված ռումինահայ հայտնի բժիշկ Անա Ասլանին:

Հայաստանի և Ռումինիայի ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում նախարար Միրզոյանը, մասնավորապես, նշել է.

«Այսօր մենք հնարավորություն ունեցանք քննարկել Հայաաստանի և Ռումինիայի միջև երկկողմ համագործակցության թեմաների լայն շրջանակ: Մենք ստորագրեցինք երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2023-2024թթ. համատեղ գործողությունների ծրագիրը: Շարունակելով այն ուղին, որ մեր երկրներն անցել են անկախացումից ի վեր՝ մենք հայտնեցինք երկկողմ օրակարգն առավել ամրապնդելու մեր հստակ պատրաստակամությունը: Իրավապայմանագրային բազայի հետագա ընդլայնումը, հաճախակի քաղաքական խորհրդակցությունների անցկացումը, ինչպես նաև մշակութային և գիտակրթական բնագավառներում համագործակցության խորացումն, անշուշտ, կծառայեն այդ նպատակին: Մենք պատրաստակամություն հայտնեցինք քայլեր ձեռնարկել նաև տնտեսական հարաբերությունների և գործարար կապերի ամբողջական ներուժն իրացնելու ուղղությամբ:  

Հարկ է նշել, որ մեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները ձևավորվել են նաև հայ և ռումինացի ժողովուրդների դարավոր կապերի միջոցով: Այս համատեքստում կցանկանայի ընդգծել Ռումինիայում հայերի կարևոր դերն ու ներդրումը և մեր երախտագիտությունը հայտնել Ռումինիայի իշխանություններին հայկական համայնքի և նրա մշակութային ու կրոնական ժառանգության նկատմամբ հոգատար վերաբերմունքի համար: Դրա վառ օրինակներից է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու մասին» օրենքի ընդունումը:

Անցնելով Հայաստան-ԵՄ գործընկերությանը՝ նշեմ, որ հանդիպման օրակարգում էին մեր ընդլայնվող համագործակցության մի շարք թեմաներ, այդ թվում՝ Հայաստան-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսությունը և Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկումը: Մենք նաև մտքեր փոխանակեցինք Արևելյան գործընկերության և Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակներում մեր փոխգործակցության շուրջ»:

Արարատ Միրզոյանը նաեւ հավելել է. «Եվս մեկ անգամ շնորհակալություն այսօրվա անկեղծ զրույցի համար։ Ես իրապես շահագրգռված եմ շարունակել մեր երկխոսությունը՝ նոր լիցք հաղորդելու մեր երկու երկրների հարաբերությունների օրակարգի ընդլայնմանը։

Եվ, ամփոփելով, հարգելի Բոգդան, ես հրավիրում եմ Ձեզ առաջին իսկ հնարավորության դեպքում այցելել Երևան»: