2022թ. տվյալներով՝ Հնդկաստանն աշխարհում հիմնական զինատեսակների ամենախոշոր ներմուծող երկիրն էր, նրա գխավոր մատակարարը նախկինի պես Ռուսաստանն է։ Այսպիսի եզրակացություն է արվել Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)՝ երկուշաբթի հրապարակած հաշվետվությունում։

Ինչպես նշել են ինստիտուտի փորձագետները, Հնդկաստանը պահպանել է առաջատար դիրքերը, անգամ չնայած այն բանին, որ նրա ներմուծումը 2013-2017թթ. եւ 2018-2022թթ. կրճատվել է 11 տոկոսով։ Նրանց կարծիքով՝ այս նվազումը բացատրվում է հնդկական կողմի գնումների բարդ գործընթացով, ինչպես նաեւ մատակարարների դիվերսիֆիկացման պետական քաղաքականության առանձնահատկություններով։ Բացի այդ, իրավիճակի վրա ազդում են նաեւ երկրի ներսում զենքի արտադրություն կազմակերպելու պետության ջանքերը՝ պայմանավորված ներմուծումից կախումը նվազեցնելու ցանկությամբ։

«Հնդկաստանն աշխարհում սպառազինությունների հիմնական տեսակների ամենախոշոր ներմուծողն էր 2018-2022թթ. (սպառազինությունների համաշխարհային ներմուծման ընդհանուր ծավալի 11 տոկոսը)։ Երկիրը պահպանում էր այդ դիրքը նաեւ 1993-2022թթ.»,- նշվել է հաշվետվությունում։

SIPRI-ի փորձագետները փաստել են, որ սպառազինությունների ամենախոշոր արտահանողը Հնդկաստան նախկինի պես մնում է Ռուսաստանը՝ չնայած այն բանին, որ ՌԴ-ի բաժինը 2018-2022թթ. կրճատվել է։

«Ռուսաստանը զենքի ամենախոշոր մատակարարն էր Հնդկաստան 2013-2017թթ., ինչպես նաեւ 2018-2022թթ., սակայն նրա բաժինը սպառազինությունների հնդկական ներմուծման ընդհանուր ծավալում կրճատվել է՝ 64-ից հասնելով 45 տոկոսի»,- նշվել է փաստաթղթում։

Վերլուծաբանների խոսքով՝ ՌԴ-ից սպառազինությունների ներուծման կրճատման վրա ազդում են մի քանի գործոններ։ Մասնավորապես, դրանցից են այլ մատակարար երկրների բարձր մրցակցությունը, Հնդկաստանում զենքի արտադրության ավելացումը, ինչպես նաեւ «2022-ից սկսած՝ Ռուսաստանի կողմից զենքի արտահանման սահմանափակումը»։

Հաշվետվությունում նաեւ նշվել է, որ սպառազինությունների հնդկական ներմուծումը Ֆրանսիայից, որը նախկինում կազմում էր 62 մարտական ինքնաթիռ եւ 4 սուզանավ, 2022թ. վերջի դրությամբ ավելացել է 489 տոկոսով։

«Այսպիսով, Ֆրանսիան սպառազինությունների մատակարարման ծավալով առաջ է անցել ԱՄՆ-ից եւ երկրորդն է Հնդկաստան 2018-2022թթ. զենքի արտահանման գործում»,- նշվել է հաշվետվությունում։

Ստոկհոլմի խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) հաշվետվությունը կոչվում է «Սպառազինությունների միջազգային մատակարարումների միտումները – 2022»։ Փաստաթղթում համեմատվում են հնգամյա երկու շրջաններ՝ 2013-2017 եւ 2018-2022թթ.։