Հյուսիսատլանտյան դաշինքը ոչ մի զորք չի տեղակայի Ֆինլանդիայում՝ առանց նրա թույլտվության։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպմանն ընդառաջ, որտեղ, ինչպես սպասվում է, Ֆինլանդիան պաշտոնապես ընդունվելու է ՆԱՏՕ-ի անդամ։

«Դա լինելու է Ֆինլանդիայի որոշումը։ Ֆինլանդիայում ՆԱՏՕ-ի ոչ մի զորք չի լինի՝ առանց ֆիննական կողմի համաձայնության»,- ասել է Սթոլտենբերգը։ Նա ընդգծել է, որ Ֆինլանդիան ՆԱՏՕ «կբերի զարգացած ռազմական արդյունաբերություն եւ բարձր պրոֆեսիոնալ բանակ»։

Սթոլտենբերգն ընդգծել է, որ դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո այդ երկրի վրա կտարածվի Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածը, որում խոսվում է ՆԱՏՕ-ի բոլոր երկրների հավաքական անվտանգության մասին՝ ռազմական հարձակման դեպքում։ «Այսպիսով, Ֆինլանդիան կստանա անվտանգության երկաթյա երաշխիքներ ՆԱՏՕ-ի կողմից»,- ասել է գլխավոր քարտուղարը։

Նա նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը մնում է Բրյուսելի բացարձակ գերակայությունը։ Սթոլտենբերգը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր 30 երկրներն արդեն ստորագրել են Շվեդիան դաշինքում ընդգրկելու արձանագրությունը, մնացել է միայն, որ վավերացնեն Թուրքիան եւ Հունգարիան։ Դաշինքին Ֆինլանդիայի անդամակցությունից հետո Հելսինկին եւս պետք է ստորագրի եւ վավերացնի այդ փաստաթուղթը, բայց ՆԱՏՕ-ում ոչ ոք կասկածներ չունի, որ այդ գործընթացը տեղի կունենա հնարավորինս արագ, նշել է դաշինքի գլխավոր քարտուղարը։