Այն բանից հետո, երբ Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին եւ դաշինքի շփման գիծը մեծանա Ռուսաստանի սահմանների հետ, Հյուսիսային Եվրոպայում իրավիճակը արմատապես կփոխվի, եւ Մոսկվան ստիպված կլինի ձեռնարկել ռազմատեխնիկական եւ այլ բնույթի պատասխան միջոցներ՝ սպառնալիքները վերացնելու համար, երեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։
«Ռուսաստանի Դաշնության սահմանների հետ ՆԱՏՕ-ի անմիջական շփման գծի ավելի քան երկու անգամ մեծանալու արդյունքում իրավիճակի հիմնարար փոփոխություն է տեղի ունեցել Հյուսիսային Եվրոպայի տարածաշրջանում, որը նախկինում աշխարհում ամենակայուններից մեկն էր: Հյուսիսատլանտյան դաշինքը եւս մեկ քայլ է կատարել Ռուսաստանի տարածքին մոտենալու ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ այժմ Ռուսաստանի Դաշնությունը ստիպված կլինի պատասխան միջոցներ ձեռնարկել՝ ինչպես ռազմատեխնիկական, այնպես էլ այլ՝ ազգային անվտանգության սպառնալիքները կասեցնելու համար։
Նախարարությունը նաեւ հայտարարել է, որ անդամակցելով ՆԱՏՕ-ին՝ Ֆինլանդիան վերջնականապես հրաժարվեց իր ինքնությունից եւ ինքնուրույնությունից, ինչով առանձնանում էր միջազգային հարաբերություններում տասնամյակներ շարունակ։ «Մինչ այդ Հելսինկիի կողմից իրականացվող ռազմական չմիավորման քաղաքականությունը երկար ժամանակ ծառայում էր Ֆինլանդիայի ազգային շահերին եւ հանդիսանում էր Բալթիկ ծովի տարածաշրջանում եւ ընդհանուր առմամբ եվրոպական մայրցամաքում վստահության ապահովման կարեւոր գործոններից մեկը: Հիմա դա արդեն անցյալում է։ Ֆինլանդիան դարձել է դաշինքի փոքր, ոչինչ չորոշող անդամ երկրներից մեկը՝ կորցնելով իր հատուկ ձայնը միջազգային հարցերում»,- եզրափակել է ԱԳՆ-ն։





























