Թուրքիան երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջոցով ցանկություն է հայտնել Էգեյան եւ Միջերկրական ծովերը դարձնել «բարեկամության եւ համերաշխության ծովեր», հաղորդում է Anadolu-ն:

Հուլուսի Աքարը երկրաշարժից տուժած հարավային Հաթայ նահանգում իր հույն գործընկեր Նիկոլաոս Պանայոտոպուլոսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան «ձգտում է լավ հարաբերություններ ունենալ հարեւան Հունաստանի հետ»։ 

«Երկու երկրների միջեւ կան որոշ խնդիրներ»,-ասել է Աքարը՝ նշելով, որ դրանք հնարավոր է լուծել երկխոսության միջոցով:

«Որպես երկու քաղաքակիրթ երկրներ՝ Թուրքիան եւ Հունաստանը կարող են այդ խնդիրները լուծել դաշնակցային ոգուն համապատասխան, խաղաղ ճանապարհով, երկխոսության միջոցով եւ փոխադարձ հարգանքի շնորհիվ»,-ասել է նա։ 

Իր հերթին, Պանայոտոպուլոսը ցանկություն է հայտնել կայունություն հաստատել երկկողմ հարաբերություններում եւ ասել է, որ նման ողբերգությունները, ինչպիսիք են երկրաշարժերը, ցույց են տալիս, թե «որքան փոքր են Հունաստանի եւ Թուրքիայի միջեւ առկա խնդիրները»։