Չինաստանը Թայվանի նեղուցի երկու շրջաններում պարեկում է սկսել՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Քեւին Մակքարտիի եւ Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հանդիպման մասին տեղեկություններից հետո, վկայում է Չինաստանի Ֆուցզյան նահանգում ծովի անվտանգության վարչության՝ WeChat-ում տեղակայված հաղորդագրությունը։

«Այսօր մեկնարկել է հատուկ պարեկատեսչական գորոծղություն Թայվանի նեղուցի կենտրոնական եւ հյուսիսային մասերում»,- նշվել է հրապարակման մեջ։

Հաղորդմանը կցված է լուսանկար, որտեղ նշված են պարեկման գոտիները, դրանք գտնվում են Թայվան կղզուց ոչ հեռու։

Պեկինում արդեն նախազգուշացրել են, որ պատրաստ են միջոցներ ձեռնարկել Մակքարտիի եւ Ցայի հանդիպման առիթով։ Չինաստանի պետխորհրդի Թայվանի գործերով գրասենյակի պաշտոնական ներկայացուցիչ Չժու Ֆենլյանն ընդգծել է, որ այդ հանդիպումը լրջորեն կվնասի Չինաստանի ինքնիշխանությանը, եւ խոստացել է Պեկինի համապատասխան արձագանքը։