Ճապոնիայի կառավարությունն «այն պայմաններում, երբ աշխարհում անվտանգային իրավիճակն ավելի է բարդանում», մտադիր է շարունակել համագործակցության զարգացումը ՆԱՏՕ-ի հետ եւ ողջունում է Ֆինլանդիայի անդամակցությունը դաշինքին, մամուլի ասուլիսում տեղեկացրել է կառավարության գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։
«Այն պայմաններում, երբ աշխարհում անվտանգային իրավիճակն ավելի է բարդանում, ընդհանուր սկզբունքներ դավանող երկրների համագործակցությունն ավելի քան կարեւոր է»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Մացունոն ընդգծել է, որ Տոկիոն «աջակցում է ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության որոշմանը» եւ «ողջունում է դաշինքին միանալու գործընթացի ավարտման ջանքերը»։
«Այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը գտնվում է պատմական ճամփաբաժանում, մենք մտադիր ենք շարունակել զարգացնել համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ՝ աջակցելու եւ ամրապնդելու համար ազատ եւ թափանցիկ միջազգային կարգը՝ հիմնված օրենքի տառի վրա»,- ավելացրել է նա։
Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Պեկա Հաավիստոն երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին է հանձնել Հյուսիստատլանտյան դաշինքին Հելսինկիի միանալու փաստաթուղթը, ինչը նշանակում է ՆԱՏՕ-ին երկրի միանալու ֆորմալ արարողակարգի ավարտ։





























