ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը ափսոսանք է հայտնել այն գործընթացում իր դերի համար, որը հանգեցրել է նրան, որ Ուկրաինան հրաժարվել է միջուկային զենքից 1994 թվականին: Ամերիկացի նախկին առաջնորդը հարցազրույց է տվել իռլանդական RTÉ կորպորացիայի Prime Time ծրագրի հաղորդավարին:
Քլինթոնի խոսքով՝ Ռուսաստանը չէր ներխուժի Ուկրաինա, եթե Կիեւի մոտ մնային միջուկային զսպման ուժերը:
«Անձնական ներգրավվածություն եմ զգում, քանի որ ես ստիպել եմ նրանց (ուկրաինական իշխանություններին) համաձայնել հրաժարվել իրենց միջուկային զենքից։ Եվ նրանցից ոչ մեկը չի հավատում, որ Ռուսաստանը կկազմակերպեր այդ արարքը, եթե Ուկրաինան դեռ ունենար իր զենքը»,-նշել է նա։
1994-ի հունվարին Քլինթոնը եռակողմ պայմանագիր է ստորագրել Ուկրաինայի տարածքից միջուկային զենքի դուրսբերման մասին Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների պաշտոնները զբաղեցրած Բորիս Ելցինի եւ Լեոնիդ Կրավչուկի հետ:
1994 թվականի նոյեմբերին ընդունվել է «1968 թվականի հուլիսի 1-ի միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին Ուկրաինայի միանալու մասին» օրենքը։ Նախատեսվում էր, որ այդ փաստաթուղթն ուժի մեջ կմտնի միջուկային տերությունների կողմից Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելուց հետո։ 1994 թվականի դեկտեմբերին Բուդապեշտում Եվրոպայում համագործակցության ապահովման խորհրդի գագաթաժողովում ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը եւ Ուկրաինան ստորագրեցին Կիեւի անվտանգության երաշխիքների մասին հուշագիր։ Փաստաթուղթը հայտնի է որպես Բուդապեշտի հուշագիր։
Պարտավորությունները խախտվել են 2014 թվականին, երբ Ռուսաստանը ներխուժեց Ղրիմ եւ բռնակցեց այն, ինչպես նաեւ Կիեւի դեմ հետագա լայնածավալ պատերազմի ընթացքում, փաստում է RTÉ-ն։
«Ես գիտեի, որ նախագահ Պուտինը չի պաշտպանում նախագահ Ելցինի կնքած համաձայնագիրը՝ երբեք չմիջամտել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, համաձայնագիր, որը նա կնքել է, քանի որ ցանկանում էր, որ Ուկրաինան հրաժարվի իր միջուկային զենքից»,-նշել Է Քլինթոնը:
Նրա խոսքով՝ ուկրաինական իշխանությունները «վախենում էին հրաժարվել դրանից (միջուկային զենքից), քանի որ կարծում էին, որ դա միակ բանն է, որը պաշտպանում է իրենց էքսպանսիոնիստական Ռուսաստանից»։
«Երբ իրեն հարմար դարձավ, նախագահ Պուտինը խախտեց այդ պայմանագիրը եւ առաջին հերթին գրավեց Ղրիմը։ Եվ ես ինձ սարսափելի եմ զգում, քանի որ Ուկրաինան շատ կարեւոր երկիր է»,-խոստովանել է նա։
Բիլ Քլինթոնը վստահ է, որ Արեւմուտքը պետք է շարունակի աջակցել Կիեւին։
«Կարծում եմ, որ այն, ինչ արեց Պուտինը, շատ սխալ էր։ Կարծում եմ, որ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները պետք է շարունակեն աջակցել Ուկրաինային»,-նշել է նա։ «Կարող է գալ մի պահ, երբ Ուկրաինայի կառավարությունը որոշի, որ կարող է մտածել խաղաղության համաձայնագրի մասին, որը կբավարարի նրանց, բայց չեմ կարծում, որ մենք բոլորս պետք է լքենք նրանց»,-հավելել է Քլինթոնը։





























