Ուկրաինան կարող է բանակցությունների սեղանի շուրջ նստել Ռուսաստանի Դաշնության հետ ժամանակավորապես օկուպացված Ղրիմից ռուսների դիվանագիտական ելքի հարցի շուրջ։ Իրադարձությունների զարգացման այս տարբերակը հնարավոր է միայն ուկրաինական տարածքից ռուսական բոլոր զորքերի դուրսբերումից հետո։
«Դա կարող է լինել այն պահին, երբ դուք սկսեք զորքերը հետ քաշել Ուկրաինայի տարածքից։ Իհարկե, այդ դեպքում մենք կարող ենք սպասել մեկ-երկու-երեք օր, մինչեւ այդ զորքերը դուրս գան մարդկանց հետ միասին»,-ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ թերակղզին գրավելուց հետո Մոսկվան այնտեղ է բերել իր մարդկանց, ովքեր ապօրինի կերպով ստացել են Ուկրաինային եւ ուկրաինացիներին պատկանող գույք: Պոդոլյակի խոսքով՝ Ուկրաինայի տարածքից ՌԴ զորքերի դուրս գալուց հետո հնարավոր կլինի խոսել անվտանգության փոխադարձ երաշխիքների մասին:
Նա նշել է, որ բանակցությունների թեմաներից կարող են լինել փոխհատուցումները՝ ոչնչացված ենթակառուցվածքի, ռուսների ռազմական հանցագործությունների համար, ինչպես նաեւ 100 կիլոմետրանոց ապառազմականացված գոտու ձեւավորումը, որտեղ Կրեմլը չի կարողանա զենք, զինանոցներ կամ կենդանի ուժ տեղակայել:





























