Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Դուշանբե կատարած այցի շրջանակներում կայացել է հանդիպում Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ: Հանդիպման արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր: Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Համաձայնագրերը վերաբերում են գյուղատնտեսության, գեոդեզիայի, քարտեզագրության, երկու երկրների ԱԳՆ-ների, մաքսատների, ներդրումների, զբոսաշրջության, ֆինանսների ոլորտներում համագործակցությանը:

Ինչպես նաեւ ստորագրվել է «Ադրբեջանի Հանրապետության Շուշա քաղաքի եւ Տաջիկստանի Հանրապետության Իսֆարա քաղաքի միջեւ եղբայրական կապեր հաստատելու մասին արձանագրությունը»: Նման արձանագրության ստորագրումն առավել քան տարօրինակ փաստ է։ ՀԱՊԿ-ում Հայաստանի դաշնակից Տաջիկստանը չի կարող չիմանալ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի դեմ 2020թ. ադրբեջանա-թուրքական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի կողմից հայկական Շուշի քաղաքի օկուպացիայի փաստի մասին։ Փաստացի գտնվելով Հայաստանի հետ անվտանգային նույն կազմակերպությունում՝ Տաջիկստանն աջակցում եւ խրախուսում է դաշնակցի նկատմամբ ագրեսիան։