Թուրքիայի խորհրդարանը հաստատել է Botas նավթագազային պետական ընկերության կառուցվածքում փոփոխություններ կատարելու հարցը՝ գազային հաբի նախագծի իրականացման նպատակով, հինգշաբթի գրել է Sabah թերթը։
Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը մարտի սկզբին տեղեկացրել էր, որ Ռուսաստանի առաջարկած գազային հաբի հարցը Թուրքիայում կդրվի խորհրդարանի քննարկմանը. դրա իրականացման համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ։
«Օրինագիծը, որն ընդունել է Ազգային մեծ ժողովը (խորհրդարանը), մասնավոր հատվածի առջեւ կբացի բնական գազի ներմուծման ճանապարհը։ Botas-ի կառույցը կփոխվի, որպեսզի Թուրքիան վերածվի էներգետիկ կենտրոնի»,- գրել է թերթը։
Փոփոխությունների համաձայն՝ կստեղծվեն նոր ստորաբաժանումներ եւ ընկերություններ։ «Գործունեության առարկան, ֆիրմային անվանումը, կապիտալը եւ ընկերությունների բաժնետիրական կապիտալի կառուցվածքը, որոնք կստեղծվեն՝ Botas-ի գործունեությունը վերակառուցելու համար, ինչպես նաեւ նման գործարքներին վերաբերող հարցերը կկարգավորվեն նախագահի հրամանով»,- նշել է պարբերականը։
Ավելացվել է նաեւ, որ բնական գազի ներմուծումը կազատականացվի ինչպես Botas-ի, այնպես էլ մասնավոր հատվածի իրավաբանական անձանց համար։ Սակայն այս դրույթները չեն կիրառվի հեղուկացված բնական գազի եւ սփոթային խողովակաշարային գազի ներմուծման դեպքում։
ՌԴ-ի եւ Թուրքիայի նախագահները անցած տարվա հոկտեմբերին հանձնարարել են մանրամասն մշակել Թուրքիայում գազային հաբ ստեղծելու հարցը։ Այդ հաբով, մասնավորապես, կարելի կլինի տեղափոխել գազը վնասված «Հյուսիսային հոսքերից»։ Խոսքը ոչ միայն Թուրքիայում առեւտրային հարթակ, այլեւ զարգացած ենթակառուցվածք ստեղծելու եւ հարավային ուղղությամբ մատակարարումներն ավելացնելու մասին է, տեղեկացրել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ Այստեղ կարող են մասնակցել, ըստ նրա, նաեւ այլ երկրներ. հարավային ուղղությամբ գազը Եվրոպա մատակարարում են նաեւ Ալժիրը, Կատարը եւ Ադրբեջանը։





























