Երեկ՝ ապրիլի 12-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է  տեղի ունեցել Սյունիքի մարզում: 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ժամը 18:30-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին և հայտնել են, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կապան խոշորացված համայնքի Շղարշիկ Բանավանի տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի խողովակաշարի պահպանման պահակակետ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, նշված գործարանում որպես պահնորդ աշխատող 57-ամյա Հայրապետ Մելիքսեթյանն է:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն դիակի զննությամբ մարմնի վրա հայտնաբերվել է հրազենային  6 վնասվածք, այդ թվում գլխի և որովայնի հատվածում: 

Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: