Հայաստանը բախվում է կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքների առաջ՝ լինելով շատ խոցելի այս գործընթացների նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ Սանկտ Պետերբուրգում ելույթ ունենալով ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի 55-րդ լիագումար նիստում։
Հանդիպման օրակարգային թեմաներից են էկոլոգիայի և բնության կառավարման հարցերը։
«Բնապահպանության խնդիրները գտնվում են Հայաստանի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մեր երկիրը մշտապես ցուցաբերել է իր լիակատար աջակցությունը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին: Վերջին տարիներին Հայաստանի կառավարությունն ակտիվ միջոցներ է ձեռնարկում ազգային ռազմավարությունը գլոբալ օրակարգի նպատակներին ու խնդիրներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Արևային, քամու, հիդրոթերմալ էներգիայի ոլորտներում ներդրումները մինչև 2030 թվականը զարգացման ռազմավարության կարևոր բաղադրիչն են»,- ասել է Սիմոնյանը։
Նրա խոսքով, Հայաստանը կլիմայի փոփոխության առումով չորրորդ ամենախոցելի երկիրն է Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում։ Երկիրը բախվում է շրջակա միջավայրի դեգրադացիայի հետ կապված բազմաթիվ խնդիրների։ Այդ իսկ պատճառով իշխանությունները ակտիվ միջոցներ են ձեռնարկում վտանգված էկոհամակարգերը պաշտպանելու համար։ Բանախոսն առանցքային խնդիրներից համարեց նաեւ անտառների ու կանաչ գոտիների վերականգնումն ու ընդլայնումը։





























