ՔԿ-ի ռելիզը կարդացի, ցինիզմից ապշում եմ։ Ասում են Եռաբլուրում բերետավորների հարձակումից տուժած ծնողները վերջերս շատ էմոցիոնալ են հանդիպումներին, դրա համար մենակ գրավոր թող շփվեն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Նա նաեւ հավելել է. «Բա ոնց էմոցիոնալ չլինեն, եթե տեսախցիկների առաջ, դեմքերը ֆիքսած, իդենտիֆիկացված բերետավորներին ամիսներով չեք կարողանում գտնել ու պատասխանատվության ենթարկել՞:
ժամը 15.00 հավաքվում ենք ՔԿ-ի շենքի մոտ, Մամիկոնյանց 46/5»։
Նշենք, որ զոհված զինծառայողների հարազատները երեկվանից ՔԿ-ի դիմաց նստացույց են սկսել: Նրանք նաեւ փակել էին Մամիկոնյանց փողոցը: Ծնողները պահանջում են անհապաղ մեղադրանք առաջադրել այն 13 ոստիկաններին, որոնք «Եռաբլուրում» սեպտեմբերի 21-ին փաստացի մարմնական վնասվածքներ են հասցրել զոհված զինծառայողների ծնողներին:
Նախորդ տարվա սեպտեմբերի 21-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության ծառայողները բռնություն էին գործադրել։ Այս դեպքով ոստիկանների ու ծնողների միջև առերեսումներ են եղել։
Այսօր ՔԿ-ն պարզաբանում էր տարածել, որտեղ նշել էր, որ զոհվածների հարազատների հետ, որոնք գործով տուժողներ են, հանդիպումների ժամանակ նրանք ներկայացնում են կոնկրետ որոշումներ կայացնելու անհիմն պահանջներ:
«Վերջին հանդիպումների ընթացքում ներկաներից ոմանք իրենց թույլ են տվել էմոցիոնալ հայտարարություններ, վիրավորական արտահայտություններ են հնչեցրել ՀՀ ՔԿ ներկայացուցիչների հասցեին, փաստացի խաթարել հանդիպման բնականոն ընթացքը, որի պատճառով այն չի ծառայել իր նպատակին։
Իրենց գործողություններով հանդիպման առանձին մասնակիցներ ակնհայտ են դարձրել շարունակաբար կրքեր բորբոքելու և իրավիճակը լարելու մղումները։
Նման իրողություններից խուսափելու նպատակով ակցիայի մասնակիցներին առաջարկվել է իրենց հարցադրումները ձևակերպել գրությամբ, որին ընթացք կտրվի ՀՀ ՔԿ գործավարական ընթացակարգերով և հնարավորինս սեղմ ժամկետներում կտրամադրվի անհրաժեշտ տեղեկատվություն։ Այս առաջարկը, սակայն, ակցիայի մասնակիցների կողմից մերժվել է»,-ասված է ՔԿ հաղորդագրությունում:





























