ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետ համատեղ մշակել և շահագործման է հանձնել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի ստացումն ամբողջությամբ էլեկտրոնային ինքնաշխատ եղանակով ստանալու գործիքակազմը։

Ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեխնիկական այս հնարավորության արդյունքում այսուհետ ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվող անձանց՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում առկա պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքը կստանա ինքնաշխատ, էլեկտրոնային եղանակով նախկինում թղթային տարբերակով հարցում ուղարկելու փոխարեն։

Ավարտվել են նաև Ծառայության և ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի միջև տեղեկատվության ինտեգրման աշխատանքները։ Այսուհետ իրավաբանական անձանցից չի պահանջվի իրենց պարտավորությունների մասին տեղեկության ներկայացում։ Այն կստացվի ինքնաշխատ՝ էլեկտրոնային եղանակով։

Ներդրված գործիքակազմերի շնորհիվ կրճատվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար ծախսվող ժամանակը։