Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցող իշխանական պատվիրակությունն ի սկզբանե երկխոսությունը կասեցնելուն կամ առկախելուն կողմ չի եղել, եւ իշխանությունը միշտ պատրաստ է այն շարունակելու: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԲՀԿ-ական պատգամավոր, իշխանական պատվիրակության անդամ Վարդան Բոստանջյանը:

Վերջինս չի պատկերացնում, թե ինչպես կարող է սրել իրավիճակը Հայ ազգային կոնգրեսը:

Անդրադառնալով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած պահանջներին` պատգամավորն ասել է. «Պահանջներ. այդ բառը պետք չէ ասել, քաղաքական էթիկայի տեսանկյունից ի՞նչ է նշանակում պահանջների ներկայացում: Պահանջներն առավել եւս իշխանության կողմից դժվար ընկալելի են, եւ, ավելի մեղմ ասած, ընդհանրապես չեն ընդունվում»:

Ըստ Բոստանջյանի, այլ հարց է, որ կան խնդիրներ, որոնք ծառացած են մեր երկրի առջեւ, եւ որոնք մտահոգում են ինչպես իշխանությանը, այնպես էլ ընդդիմությանը: «Տվյալ պարագայում երկխոսությունը հետապնդում էր մի նպատակ, համաձայն որի կարողանայինք բոլոր կնճռոտ խնդիրները լուծել: Հիմա առկախվել է, եւ այդ առումով ես մտածում եմ, որ սպասողական վիճակում ենք գտնվում: Կամ կշարունակվի, կամ եթե ՀԱԿ-ը հարմար չի գտնում` ոչ»,- նշեց Վարդան Բոստանջյանը` հավելելով, թե ճիշտը երկխոսությունը շարունակելն է: