Աշխատանքային այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, սեպտեմբերի 26-ին, Պոտսդամում այցելել է Յոհաննես Լեփսիուսի տուն-թանգարան:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հովիկ Աբրահամյանը շրջել է Լեփսիուսի տուն-թանգարանում, հանդիպում ունեցել թանգարանի գիտաշխատակազմի հետ: Տուն-թանգարանի տնօրեն, «Յոհաննես Լեփսիուս» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Հանց-Ուլրիխ Շուլցը մանրամասն ներկայացրել է Լեփսիուսի կյանքն ու գործունեությունը:Նշենք, որ գերմանացի հասարակական գործիչ, հոգեւորական, արեւելագետ Յոհաննես Լեփսիուսը երկար տարիներ զբաղվել է Հայկական հարցով: Նա դատապարտել է թուրքական իշխանությունների` հայերի բնաջնջմանն ուղղված գործողությունները եւ իր երկրի կառավարությունից պահանջել ջանքեր գործադրել դադարեցնել հայերի կոտորածները: Պարոն Շուլցը ԱԺ նախագահին նվիրեց Լեփսիուսի «Հայ ժողովրդի վիճակը Թուրքիայում» աշխատությունը:
Դիմելով ներկաներին` Հայաստանի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ ժողովուրդը երախտագիտությամբ է հիշում Լեփսիուսին, քանի որ նա առաջինն էր, որ իր աշխատություններում եւ հոդվածներում բարձրաձայնեց Օսմանյան Թուրքիայում հայերի նկատմամբ պետական մակարդակով իրագործվող մասսայական բնաջնջումը եւ սպանդը: Հովիկ Աբրահամյանը հույս հայտնեց, որ 20-րդ դարի սկզբին տեղի ունեցած առաջին ցեղասպանությունը արժանանալու է համընդհանուր ճանաչման ու դատապարտման: «Յոհաննես Լեփսիուսը միայնակ դուրս եկավ պայքարի հանուն հայ ժողովրդի եւ փորձեց անել հնարավորը հայերի ջարդերը կասեցնելու համար: Պայքարեց բռնության ու անարդարության, վայրագությունների եւ դաժանության դեմ` հետագայում իր կյանքը նվիրելով աշխարհասփյուռ հայերի ճակատագրի բարելավմանն ուղղված բարեգործությանը: Ահա թե ինչու այս թանգարանի, ես կասեի Հիշատակի տան նշանակությունը անցնում է ոչ միայն Բրանդենբուրգ երկրամասի, այլ նաեւ Գերմանիայի սահմաններից: Դոկտոր Լեփսիուսի կյանքը մենք հիրավի դիտում ենք որպես ժամանակաշրջանի հայ ժողովրդի պատմության մաս»,-նշել է Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ նախագահի խոսքով` պատմական արդարության վերականգնումը Հայաստանի Հանրապետությունը կարեւորում է նաեւ երկու հարեւան երկրների միջեւ եւ տարածաշրջանում փոխադարձ վստահության մթնոլորտի բարելավման համատեքստում: «Թուրքիան պետք է հետեւի Գերմանիայի օրինակին, որ ճանաչեց Հոլոքոստը որպես պատմական իրողություն, եւ ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ասել է ԱԺ նախագահը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ փորձ է կատարվել բարելավել հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Բարելավել առանց նախապայմանների:
Միջազգային բարձր միջնորդությամբ Ցյուրիխում ստորագրվել են սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ արձանագրություններ: «Ցավոք, Թուրքիան պատրաստ չէր, եւ այսօր էլ պատրաստ չի իր տրամաբանական ավարտին հասցնել սկսած գործընթացը` արձանագրությունները ստորագրելուց անմիջապես հետո առաջ քաշելով նախապայմաններ, ինչը բացարձակապես անընդունելի է հայկական կողմի համար: Միեւնույն ժամանակ հարկ եմ համարում նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ձգտումով Հայաստանը երբեք կասկածի տակ չի դրել Հայոց ցեղասպանությունը եւ հայրենազրկման իրողությունը: Միջազգային հանրությանը հայտնի է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հանդիպման վերջում ԱԺ նախագահը գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում:ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը Պոտսդամում այցելեց «Սեսիլ հոֆ», որտեղ 1945 թ. տեղի է ունեցել Պոտսդամի հայտնի կոնֆերանսը:
Սեպտեմբերի 27-ին նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հանդիպումը ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամմերթի հետ, իսկ երեկոյան Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի Բեռլինի մեծ համերգասրահում կայանալիք Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին նվիրված տոնական համերգին եւ պաշտոնական ընդունելությանը:




























