Պետական իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը վերջին ամիսներին ակտիվացել է։ Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, ԱԺ-ում նշել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը` ընդգծելով, որ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները հստակ ամրագրված են քրեական օրենսգրքով։
Նա վստահեցրեց, որ այդ ամենը գտնվում է գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո։
«Մենք տեղեկատվական հոսքերին ենք հետևում և՛ սոցիալական կայքերում, և՛ մամուլում։ Եվ այն դեպքերը, որոնք առերևույթ պարունակում են բռնության կոչ, ատելության խոսք և իշխանության զավթման ուղղված խոսույթ, քրեաիրավական գնահատական են ստանում։ Վերջին ամիսներին կարծես թե ակտիվացել է երևույթը»,- ասաց Վարդապետյանը։
Գլխավոր դատախազի խոսքով` օգտվելով քրեական օրենսգրքի կարգավորումներից` վարույթների շրջանակներում փորձում են հարցը զսպել և իրավական գործընթացի միջոցով նաև պատժել։




























