Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ հանրապետությունում ուշադրություն չեն դարձնում ԱՄՆ նախագահի հայտարարություններին, իսկ եթե Անկարան վստահեր Վաշինգտոնին, երկրի ճակատագիրը նման կլիներ Աֆղանստանի ճակատագրին: Նրա խոսքերը մեջբերում է Hürriyet թերթը։

«Թայիփ Էրդողանի օրոք արեւմտյան խնամակալությունը վերացվել է։ Ներկայումս չկա մի ինստիտուտ, որը գտնվի գործադիր իշխանության ձեռքում, բայց լինի արեւմտամետ։ Կար ժամանակ, երբ Թուրքիայում ԶԼՄ-ները կողմնորոշված էին դեպի արեւմուտք։ Եթե ամերիկացի դեսպանները ինչ-որ բան էին ասում, դա դառնում էր գլխավոր լուրը։ Հիմա, եթե ինչ-որ բան ասում է ԱՄՆ նախագահը, Թուրքիան ուշադրություն չի դարձնում դրան»,-ասել է Սոյլուն։  

Նա ուշադրություն է հրավիրել նաեւ երկրի սահմանների մոտ «ահաբեկչական պետություն» ստեղծելու վտանգի վրա:

«Ես եղել եմ Հաթայում, եւ մենք ցույց տվեցինք, թե որքան կարեւոր է Հաթայը երկրաշարժի պայմաններում։ Այժմ որքանով է անվտանգ ունենալ ահաբեկչական պետություն այդ տարածաշրջանում։ Եթե մենք վստահեինք ԱՄՆ-ին, ապա կհայտնվեինք Աֆղանստանի իրավիճակում»,-ասել է նա։            

Ավելի վաղ Սոյլուն ԱՄՆ-ին մեղադրել է երկրի սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծելու փորձի մեջ: