Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 11-ի նիստում հաստատեց ՊՆ համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական եւ շարքային պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքների գնահատման նոր ձեւաչափը եւ դրա հիման վրա հավելավճարների նոր չափերը:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ներկայացնելով նախագիծը՝  նշեց, որ ատեստավորման արդյունքում «անբավարար» ստացած զինծառայողները կզրկվեն հավելավճարից։

«Ատեստավորման արդյունքներով հաշվարկված հավելավճարի չափը ենթակա չէ վճարվելու, եթե ֆիզիկական, շարային և կրակային պատրաստվածության գնահատման արդյունքներով զինծառայողն առնվազն մեկ պատրաստվածության աստիճանից կամ մասնագիտական գիտելիքների եւ ծառայողական պարտկանությունների իմացության թեստավորումից ստացել է «անբավարար» գնահատական» ,– ասաց նախարարը։

Պապիկյանը հստակեցրեց, որ յուրաքանչյուր ստուգման ժամանակ «անբավարար» ստանում է այն զինծառայողը, ով առնվազն 21 հարցի սխալ է պատասխանում։ 30-34 հարցերի ճիշտ պատասխանողը կստանա «բավարար», 35- 44 ճիշտ պատասխանի դեպքում` «լավ», իսկ 45 և ավելի հարցերի ճիշտ պատասխանողները կստանան «գերազանց» գնահատական։

Ընդհանուր ատեստավորումից «գերազանց» է ստանում այն զինծառայողը, ով պատրաստվածության բոլոր ձևերից ու ծառայողական գիտելիքներից ստանում է միայն «գերազանց»։ «Լավ» կգնահատվի այն զինծառայողը, ով բոլոր ստուգարքներից կստանա «գերազանց» և միայն մեկից` «լավ»։ «Բավարար» կգնահատվի, եթե մեկ ստուգարքից ստանա «բավարար», մյուսներից` «լավ» և «գերազանց»։

Ինչ վերաբերում է հավելավճարների չափերին, «գերազանց» ստացող սպաները կստանան 470 000 դրամ, «լավ» ստացողերը` 420 000, «բավարար» ստացողները` 230 000 դրամ հավելավճար։

Զինվորական մյուս կազմերը «գերազանցի» դեպքում կստանան` 395 000 դրամ, «լավի» դեպքում` 345 000, «բավարարի» դեպքում` 205 000 դրամ։

Նշենք, որ հավելավճարները տրվելու են ամեն ամիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե սպայական կազմից «գերազանց» ստացողը, եթե ստանում է 350 հազար դրամ, ատեստավորման դեպքում կստանա 700 հազար դրամ, եթե ստանում է 400 հազար՝ կստանա 800 հազար դրամ։

Սուրեն Պապիկյանն ավելի մանրամասնեց. դիցուք, շարքային կազմը ատեստավորման «բավարար» գնահատական ստանալու  պարագայում, մարտական հերթապահությունը ներառյալ, կստանա 321 հազար 910 դրամ, «լավ»-ի դեպքում՝ 439 հազար 910 դրամ, «գերազանց»-ի դեպքում՝ 470 հազար 910 դրամ։

«Սա շարքային կազմի ամենաբարձր կոդն է, ունենք ավելի ցածր կոդեր։ Օրինակ՝ գնդապետը «բավարար» գնահատականի դեպքում մարտական հերթապահություն իրականացնող զորամասում կստանա 737 հազար 760 դրամ, իսկ «գերազանց»-ի դեպքում՝ 923 հազար 260 դրամ»,- հավելեց նախարարը։