Շատ մեծ է հավանականությունը, որ մենք այս տարի Իրանի հետ կստորագրենք ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր։ Այս մասին մայիսի 12-ին Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երեւան տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
Նա հայտնել է, որ նույնիսկ ժամանակավոր համաձայնագիրը, որը գործում է ավելի քան երկու տարի, ավելացրել է առեւտուրը գրեթե երկու անգամ: «Մենք հույս ունենք, որ համաձայնագրի ստորագրումից հետո ներկայիս 6 մլրդ դոլարի առեւտուրը 5-7 տարվա ընթացքում կարելի է հասցնել 20 մլրդ դոլարի»,-նշել է Սլեպնյովը:
Նրա խոսքով ՝ Իրանը շատ լուրջ գործընկեր է, մեծ երկիր։
«Մենք Իրանում ազատ առեւտրի ոլորտում առաջին մեծ գործընկերներն ենք։ Շուկա մուտք գործելու բավականին մեծ խոչընդոտներ ունեցող երկիր է, բայց մեզ իրանցի գործընկերները իրենց շուկա մուտք գործելու աննախադեպ պայմաններ են տրամարդում։ Բացի այդ, մենք ակնկալում ենք, որ Հնդկաստանի հետ բանակցություններն այս տարի ակտիվ փուլ կանցնեն, համապատասխան ազդանշաններ կան։ Դա արտացոլում է Հյուսիս-Հարավ տնտեսական միջանցքի զարգացման ընդհանուր շահերը՝ մեր միության, Իրանի, կովկասյան հանրապետությունների, Հնդկաստանի, ԱՄԷ-ի մասնակցությամբ»,-նշել է նախարարը։
Նա նաեւ հայտնել է, որ Ինդոնեզիայի հետ բանակցություններ են սկսվել ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ:





























