Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Շուշան Սարգսյանն առցանց ձևաչափով մասնակցել է Պետերբուգյան միջազգային իրավաբանական  11-րդ համաժողովի շրջանակում  կայացած «Հակամենաշնորհային կարգավորումն արդի պայմաններում. մարտահրավերներ, խնդիրներ և զարգացման հեռանկարներ» խորագրով նիստին:    

Նիստի շրջանակում քննարկումներ են ծավալվել արդի տնտեսության պայմաններում մրցակցության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի զարգացման միտումների, մասնավորապես թվային տեխնոլոգիաների և նորարարությունների արդյունքում ի հայտ եկած նոր մարտահրավերների կառավարման նպատակով մրցակցային մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ:

Շուշան Սարգսյանը նշել է, որ թվային շուկաներում մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հարցերը ՄՊՀ-ի ուշադրության կենտրոնում են գտնվում. ուսումնասիրություն է իրականացվել էլեկտրոնային առևտրի շուկայում, վարույթ է հարուցվել հայտնի միջազգային էլեկտրոնային հարթակներից մեկի նկատմամբ: Միաժամանակ նա հավելել է, որ թվայնացումը նաև մրցակցային մարմինների գործիքակազմերն է ձևափոխել՝  անդրադառնալով կատարված օրենսդրական փոփոխություններին, ինչպես նաև Հանձնաժողովի գործարկած e-Compete թվային հարթակի առավելություններին:

Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ երկրներում հակամենաշնորհային իրավունքի շրջանակում կարգավորման արդի հարցերին, ինչպես նաև մրցակցության քաղաքականության և կիրարկման տեսանկյունից Եվրասիական տնտեսական միության իրավունքի կատարելագործմանը և բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարներին: