Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը շաբաթ օրն իշխանություններին հրամայել է պարզել եւ ձերբակալել բռնության բոլոր մասնակիցներին. մահասփյուռ անկարգություններ են տեղի ունեցել այս շաբաթ նախկին վարչապետ Իմրան Խանի կալանավորումից հետո, տեղեկացրել է Reuters-ը։

Խանը դատարանի դահլիճից հեռացել է ուրբաթ ուշ երեկոյան եւ գնացել հայրենի Լահոր քաղաք՝ ուժեղացված հսկողության ներքո, այն բանից հետո, երբ դատարանը նրան գրավի դիմաց ազատ էր արձակել։ Խանի կալանավորումը երեքշաթբի՝ հողային խարդախության մեղադրանքով, որը Գերագույն դատարանը հինգշաբթի համարել է «անվավեր եւ անօրինական», առաջ է բերել նրա կողմնակիցների բուռն բողոքները։

Նրանք գրոհել են ռազմական հաստատությունները, այրել պետական հեռուստառադիոընկերության շենքը, ջարդել ավտոբուսներ, թալանել բարձրաստիճան բանակային պաշտոնյայի տունը եւ գրոհել այլ օբյեկտներ, ինչը հանգեցրել է նոտ 2 000 ձերբակալությունների, մի քանի քաղաքներում բանակային ստորաբաժանումներ են մտցվել։

Առնվազն ութ մարդ զոհվել է բռնության հետեւանքով, անկարգությունները տեղի էին ունենում տնտեսական ճգնաժամ, ռեկորդային գնաճ ունեցող երկրում, որտեղ ուշանում է նաեւ ԱՄՀ-ի ֆինանսավորումը։

Խանը, որը պետք է իր հետեւորդների առջեւ ելույթ ունենար շաբաթ օրը, ուրբաթ ողջունել է գրավի դիմաց իրեն ազատ արձակելու դատարանի որոշումը եւ ասել, որ դատական իշխանությունը Պակիստանի միակ պաշտպանությունն է «ջունգլիների օրենքից»։

70-ամյա Խանը վարչապետի պաշտոնից հեռացվել է 2022թ. ապրիլին խորհրդարանի կողմից անվստահություն հայտնելուց հետո եւ Պակիստանի ամենապոպուլյար ղեկավարն է՝ ըստ հանրային կարծիքի հարցման։

Հակակոռուպցիոն գործակալության կողմից նրա ձերբակալությունից հետո  Պակիստանի շատ քաղաքներում բուռն բողոքներ սկսվեցին։ Խանը հերքում է ցանկացած իրավախախտում։