Ռուսական Wildberries ընկերությունը, որը գործում է էլեկտրոնային առեւտրի ոլորտում, չի սնանկացնում առեւտրի ոլորտում գործող մյուս տնտեսվարող սուբյեկտներին: Այս մասին այսօր՝ մայիսի 24-ին, ԱԺ նիստում կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով՝ Wildberries ընկերությունն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն է: Այն համապատասխան ցուցակում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ «Անցյալ տարի կառավարությունը փոփոխություններ է մտցրել օրենսդրական նախագծում, որով կարգավորումներ են արվել էլեկտրոնային առեւտրի ոլորտում։ Այժմ այդ ընկերություններն ԱԱՀ են վճարում Հայաստանում։ Մինչ այդ նրանք ԱԱՀ չէին վճարում, ինչը նրանց շատ լուրջ առավելություն էր տալիս տեղի տնտեսվարող սուբյեկտների առջեւ։

Սակայն այժմ այդ առավելությունը չկա։ Մենք գործում ենք ազատ շուկայական մրցակցության պայմաններում, եւ կառավարության կողմից լրացուցիչ միջամտության կարիք չկա։ Ավանդական, ոչ այնքան արդյունավետ մեթոդներով աշխատող ընկերությունները պետք է իրենց տեղը զիջեն ավելի նոր տեխնոլոգիաներով եւ բարձր արտադրողականությամբ աշխատողներին»,-ասաց Քերոբյանը։ Քերոբյանը համոզված է՝ երկրում տասնյակ հազարավոր թափուր աշխատատեղեր կան, եւ եթե մի քանի անհատ քաղաքացու մոտ չի ստացվում առեւտրով զբաղվել, ապա կարող են իրենց փորձել այլ ոլորտներում։