Կանադայի ԱԳՆ-ն հրապարակել է 24 ֆիզիկական անձանց ցուցակ, որոնք «աշխատում են թանգարաններում եւ երկրի մշակութային այլ կենտրոններում եւ նպաստում են մշակութային օբյեկտների եւ ուկրաինական մշակույթի թալանին եւ ոչնչացմանը»։

Այդ ցուցակում է հայտնվել նաեւ Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

Կանադայի պատժամիջոցների ցուցակում հայտնվածների մեջ են նաեւ Վիկտոր Յանուկովիչի որդին՝ Ալեքսանդրը, բլոգեր Յուրի Պոդոլյական, Դոնեցկի տեղեկատվության նախկին փոխնախարար Դանիիլ Բեզնոսովը, Խերսոնի մարզի մշակույթի նախարար Ալեքսանդր Կուզմենկոն։

«Կանադան նաեւ պատժամիջոցներ է մտցրել նոր ստեղծված կազմակերպությունների (17 կազմակերպություն- խմբ.) դեմ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի օկուպացված տարածքներում։ Ցուցակում են հայտնվել նաեւ այսպես կոչված կրթության եւ մշակույթի նախարարությունները, որոնք ստեղծվել են օկուպացիայի արդյունքում, ինչպես նաեւ ուկրաինական ռազմական ընկերությունները, որոնք կռվում են Ռուսաստանի կողմում»,- նշվել է հաղորդագրությունում։