Իտալիայում վաղուց՝ 1538 թվականից քնած հրաբուխը մոտ է ժայթքելուն, նախազգուշացրել են գիտնականներն իրենց նոր հետազոտությունում, դրա հետեւանքները կարող են աղետալի լինել։

Քամպի Ֆլեգրեյ հրաբուխը, որը գտնվում է Նեապոլից ոչ հեռու, Իտալիայի հարավում, ունի կեղեւ, որը դառնում է ավելի ու ավելի թույլ եւ մոտ է պատռվելուն, եւ կարող է ժայթքում առաջանալ, ասել են հետազոտողները։

Հրաբխի մոտ ապրում է մոտ 1,5 մլն մարդ 11 կիլոմետր երկարությամբ «մեծ կաթսայում», որը գոյացել է 39 000 տարի առաջ տեղի ունեցած ժայթքման հետեւանքով։

Եթե Քամպի Ֆլեգրեյը կրկնի իր նախորդ հզոր ժայթքումը, դա կհանգեցնի հրաբխային գազերի եւ քարերի արտանետման ստրատոսֆերա, կառաջանա ցունամի 33,5 մետր բարձրությամբ եւ ծծումբ ու թունավոր մոխիր կգոյանա, որը կարող է Երկիրը մատնել խոր ձմռան երկար տարիներ՝ ոչնչացնելով բերքը եւ առաջ բերելով զանգվածային բնաջնջում։ Հետազոտողներն իրենց եզրահանգումները հրապարակել են Communications Earth & Environment ամսագրում։

«Մեր նոր հետազոտությունը հաստատում է, որ Քամպի Ֆլեգրեյը մոտենում է ժայթքելուն»,- ասել է հետազոտության առաջատար հեղինակ Քրիստոֆեր Կիլբեռնը Լոնդոնից։ Նա նախազգուշացրել է, որ «դա չի նշանակում, թե ժայթքումն անպայման տեղի է ունենալու։ Կարող է կեղեւի ճաք առաջանալ, բայց որպեսզի ժայթքում տեղի ունենա, անհրաժեշտ է, որ մագման դուրս գա անհրաժեշտ տեղում»։

Քամպի Ֆլեգրեյը, որը նշանակում է «այրվող դաշտեր», 24 խառնարանների ցանց է Վեզուվի դիմաց, Նեապոլի արեւմտյան ծայրամասում, եւ ձգվում է մինչեւ մոտակա Փուցոլիի ծոցը։

Գերհրաբուխներն այն հրաբուխներն են, որոնք կարող են ժայթքել շատ ուժեղ՝ 8 բալ ուժգնությամբ,ն ըստ հրաբուխների պայթյունավտանգության ինդեքսի, արտանետելով ավելի քան 1 000 խորանարդ կիլոմետր հրաբխային զանգված։