Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակին հորդորել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել այն բանից հետո, երբ խորհրդարանի երեք անդամների շտապ հրաժարականները վարչապետին կանգնեցրել են լրացուցիչ ընտրությունների մասնակցելու անհրաժեշտության առջեւ մի քանի ճակատներում, տեղեկացրել է PA Media-ն։

Լեյբորիստների առաջնորդ Քեյր Սթարմերն ասել է, որ Սունակը «պետք է, վերջապես, հենարան գտնի» եւ երկիրն ուղարկի ընտրությունների այն բանից հետո, երբ վարչապետը 24 ժամում զրկվել է խորհրդարանի երեք անդամներից։

Այս կոչը կրկնել է լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Էդ Դեյվին, քանի որ մրցակցող կուսակցությունները հույս ունեն Պահպանողական կուսակցությանն էլ ավելի շատ պարտությունների մատնել լրացուցիչ ընտրություններում։

Նայջլ Ադամսը շաբաթ օրը վերջինն էր, որը հայտարարեց խորհրդարանի անդամի պաշտոնից իր հեռանալու մասին։

Նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի դաշնակիցը լինելով՝ նա հետեւել է նրան եւ մշակույթի նախկին նախարար Նադին Դորիսին։

Ջոնսոնն իր հեռանալու մասին հայտարարել էր ուրբաթ, երբ գրոհի էր ենթարկել համայնքների արտոնությունների կոմիտեն, որը հետաքննում էր, թե արդյոք նա մոլորության մեջ չի գցել հանրությանը կորոնավիրուսային սահմանափակումների ժամանակ։

Չնայած Ջոնսոնը Ուքսբրիջում եւ Հարավային Ռուիսլիփում իր տեղն ստացել էր 7 000 ձայների մեծամասնությամբ 2019թ., ավելի վաղ անցկացված հարցումները ցույց են տվել, որ լեյբորիստները կարող են նրան պոկել թորիներից գալիք լրացուցիչ ընտրություններում։