Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը Թուրքիան համարել է մեծ ծավալի ոչ պաշտոնական եւ, հետեւաբար, չհարկվող բաղադրիչ ունեցող առաջատար տնտեսություններից` նկատելով, որ այս տագնապալի հարցն էապես վնասում է պետության հեղինակությունը եւ ռացիոնալ կառավարման ներուժը, որոնք անհրաժեշտ են ժողովրդավարության, զարգացման եւ օրենքի գերակայության ամրապնդման համար, գրում է թուրքական «Today’s Zaman»-ը:
Հոկտեմբերի 4-ին ԵԽԽՎ-ում հրապարակված զեկույցի համաձայն` Թուրքիայում ստվերային տնտեսության ծավալը կազմում է ՀՆԱ-ի 33%-ը: Այս ցուցանիշով Թուրքիան զբաղեցնում է միջին տեղը բալթյան պետությունների, որոնց նույն ցուցանիշը 40% է, Հարավային Կովկասի երկրների` ավելի քան 60%, եւ այնպիսի երկրների շարքում, ինչպիսիք են Ավստրիան եւ Շվեյցարիան, որտեղ ստվերային տնտեսությունը ՀՆԱ-ի 10%-ից էլ պակաս է:
Զեկույցում ընդգծվում է, որ ստվերային տնտեսությունը եւ տնտեսական հանցավորությունը պետական բյուջեները զրկում են նշանակալի հարկային մուտքերից, խեղաթյուրում են կանոնավոր շուկայի կառուցվածքը, խախտում քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավունքները, դանդաղեցնում տնտեսական առաջընթացը եւ այլն:
ԵԽԽՎ զեկույցում նշվում է նաեւ, որ անդամ-երկրները պետք է կենտրոնանան օրենսդրության մեջ եղած խնդիրների, ինչպես նաեւ իրավապահ մարմինների գործունեությունում նկատվող բացթողումների վերացման վրա:


























