«Կանուն» թայֆունի առաջացրած հորդառատ անձրեւները շարունակվում են Թայվանի լեռնային շրջաններում՝ առաջ բերելով հեղեղումներ եւ սողանքներ, որոնք արգելափակում են ճանապարհները եւ հանգեցնում հարյուրավոր մարդկանց մահվան, իշխանությունները շտապ վերականգնում են տրանսպորտային հաղորդակցությունը, տեղեկացրել է Reuters-ը։
Անձրեւներ են տեղում Նանտոու կենտրոնական գավառում՝ այն բանից հետո, երբ հինգշաբթի «Կանուն» թայֆունը հասավ Թայվանի հյուսիսային մասին։ Ավելի քան 1 մետր տեղումներ են գրանցվել Ռենայ գյուղում, դրանք ավերել են ճանապարհներն ու սողանքներ, սելավներ առաջացրել։
Թայվանում երկու մարդ անհետ կորել է, ավելի քան 460 մարդ դժվար վիճակում է հայտնվել, հիմնականում հեռավոր լեռնային շրջաններում, հայտարարել են կառավարության ներկայացուցիչները՝ ավելացնելով, որ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Նանտոու գավառի ղեկավար Հսու Շու-Հուան տեղեկացրել է, որ որոշ մարդիկ մնացել են լեռներում, եւ կենտրոնական կառավարությանը եւ զինված ուժերին հորդորել է որքան հնարավոր է արագ օգնություն ուղարկել, տեղեկացրել է Նորությունների պաշտոնական կենտրոնական գործակալությունը։
Փոխնախագահ Ուիլյամ Լայը խոստացել է «ամենամեծ ռեսուրսները տրամադրել», որպեսզի օգնի տեղի իշխանություններին վերականգնելու ենթակառուցվածքն ու տրանսպորտի աշխատանքը։
Ըստ կանխատեսումների՝ հանգստյան օրերին ուժեղ անձրեւները կշարունակվեն, չնայած ավելի փոքր ծավալով, իշխանությունները շարունակում են նախազգուշացումներ հաղորդել սողանքների մասին կենտրոնական եւ Հարավային Թայվանի լեռնային շրջաններում։





























