Շաբաթ երեկոյան ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնի փողոցում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երկուսը հոսպիտալացվել են, տեղեկացնում է Associated Press-ը։

Ոստիկանությունը արձագանքել է տեղական ժամանակով երեկոյան ժամը 20:00-ի սահմաններում Good Hope Road-ի  հարավարևելյան 1600 թաղամասում հնչած կրակոցներին  և հայտնաբերել հրազենային վնասվածքներով հինգ մարդու:

Երկու տղամարդ և մեկ կին մահացել են տեղում, ևս երկու տղամարդ տեղափոխվել է Վաշինգտոնի շրջանի հիվանդանոցներ, դեպքի վայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է մայրաքաղաքի  ոստիկանության պետի պաշտոնակատար Պամելա Սմիթը։

Հոսպիտալացված տուժածների վիճակը դեռ հայտնի չէ։

«Այս տեսակի հրազենային բռնությունն անընդունելի է Կոլումբիայի շրջանում: Սա պատերազմական գոտի չէ. Մենք ցանկանում ենք, որ մեր բնակիչներն իրենց ապահով զգան»,- ասել է Սմիթը:

Սմիթը դիմել է հանրության օգնությանը՝ կրակոցների մասին տեղեկություններ հավաքելու համար։

Անցյալ ամիս ևս մեկ զանգվածային հրաձգություն էր տեղի ունեցել Վաշինգտոնում, երբ ինը մարդ էր վիրավորվել Անկախության օրվա տոնակատարության ժամանակ Սպիտակ տնից  արևելք գտնվող տարածքում: