Հավանաբար զոհվել է 11 մարդ Ֆրանսիայի արեւելքում, սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց հանգստյան տանը բռնկված հրդեհի պատճառով, չորեքշաբթի տեղեկացրել են տեղի իշխանությունները։
«Մենք գրեթե վստահ ենք, որ անհետացած մարդիկ զոհվել են»,- ասել է բարձրաստիճան պաշտոնյա Քրիստոֆեր Մարոն France 3 հեռուստաալիքին։
France 3 հեռուստաալիքը տեղեկացրել է, որ անհետ կորածների մեջ 10 չափահաս մարդիկ են, որոնք տեղաշարժվելու սահմանափակ հնարավորություններ ունեն, եւ մեկ աշխատակից։ Ստրասբուրգից 70 կիլոմետր հեռու գտնվող Վինտցենհայմ քաղաքի հանգստյան տունը վարձակալել էր բարեգործական կազմակերպությունը, որը հոգում է սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց մասին, տեղեկացրել է France 3-ը։
Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարմանինն ասել է, որ հավանաբար մի քանի մարդ մահացել է։ Հրդեհը ոչնչացրել է 300 քառակուսի մետր տարածք։ Նրա խոսքով՝ փրկարար գործողությունները դեռ շարունակվում են։
17 մարդ տարհանվել է, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց, տեղեկացրել են տեղի պրեֆեկտուրայում։
Հրդեհն սկսվել է տեղի ժամանակով ժամը 06.30-ին, եւ հրշեջները արագ մարել են այն, տեղեկացրել են պրեֆեկտուրայում։
Վարչապետ Էլիզաբեթ Բորնը մեկնել է պատահարի վայր։





























