Բանգլադեշի Քոքս Բազար թաղամասում անսպասելի ջրհեղեղի հետևանքով առնվազն չորս մարդ է զոհվել։ Բացի այդ, ավելի քան 15 հազար ռոհինջա փախստականներ և 300 հազար տեղաբնակներ ստիպված են եղել լքել իրենց տները։ Այս մասին ասվում է Միջազգային փրկարարական կոմիտեի (IRC) երեքշաբթի տարածած հայտարարության մեջ։

Փախստականների ճամբարների փխրուն ենթակառուցվածքը լրջորեն վնասվել է։ Ավելի քան 2000 ապաստարան, ինչպես նաև բժշկական և հասարակական կենտրոններ, որոնք կենսական նշանակություն ունեն փախստականների բարեկեցության համար, ավերվել են, հայտնում է Սինհուան։

Տարերային աղետի դեմ պայքարելու համար IRC-ն արագ արձագանքման խմբեր է ուղարկել տուժած շրջաններ, որոնք  շտապ բժշկական  և պաշտպանական ծառայություններ կտրամադրեն փախստականներին և տեղական համայնքներին: