Չորս մարդ է զոհվել, և առնվազն մեկը անհետ կորել արևմտյան Փենսիլվանիայի բնակելի շենքի պայթյունի հետևանքով, որը շաբաթ առավոտյան ավերել է երեք և վնասել առնվազն մեկ տասնյակ այլ շինություններ, տեղեկացնում է Associated Press-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին:
Պայթյունը տեղի է ունեցել Պիտսբուրգից մոտ 32 կիլոմետր դեպի արևելք գտնվող Պլամ շրջանում։
Երեք մարդ տեղափոխվել է մարզային հիվանդանոցներ։ Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Ավելի քան 20 հրշեջ բժշկական զննման է ենթարկվել, հայտնել են իշխանությունները:
Պայթյունի հետևանքով բռնկված հրդեհը մարելու համար առնվազն 18 հրշեջ ստորաբաժանում է աշխատել։
Պաշտոնյաները դեպքի վայրում լրագրողներին ասել են, որ չգիտեն, թե կոնկրետ ովքեր են եղել տանը և ովքեր կարող էին այցելուներ ունենալ պայթյունի պահին, ուստի չեն կարող հայտնել անհետ կորածների ճշգրիտ թիվը:
Պայթյունի պատճառները հետաքննում են Պլամի իրավապահ մարմինները և շրջանի հրդեհային պահպանության ղեկավարի գրասենյակը:





























