Շվեյցարիայի քաղաքացին ձերբակալվել է Մյանմայում ֆիլմ ստեղծելու համար, որն, իբր, վիրավորում է բուդդայականությունը։

52-ամյա Դիդիե Նուսբաումերը ձերբակալվել է օգոստոսի 8-ին Մյանմայի 13 քաղաքացիների հետ միասին, ներառյալ 12-ամյա մի աղջիկ, տեղեկացրել է Myanma Alinn թերթը։

Նշվել է, որ Նուսբաումերը գրել, նկարահանել եւ մոնտաժել է 75 րոպեանոց «Ոչինչ մի սպասիր» ֆիլմը, որը YouTube-ում տեղադրվել է հուլիսի 24-ին։ Ֆիլմից կարճ դրվագներ տարածվել են սոցցանցերում, այդ թվում TikTok-ում եւ Facebook-ում։ Դրանք Մյանմայում առաջ են բերել բուդդայական ազգայնականների առարկությունները։

«Չնայած մարդիկ, որոնք գլխավոր դերեր են կատարել այս ֆիլմում, բուդդայականներ են, նրանք իրենց պատշաճ չեն պահել եւ նվաստացրել են վանականների արժանապատվությունն ու առաքինությունն իրենց ֆիզիկական ժեստերով եւ երկխոսություններով»,- գրել է ԶԼՄ-ն։

Բուդդայականությանը վիրավորելը պատժելի հանցագործություն է Մյանմայում, այստեղ բնակչության մեծ մասը բուդդայական է, երկրում վերջին տարիներին խորացել է կրոնական ազգայնականությունը։ Մյանմայի բնակչության մոտ 90 տոկոսը բուդդայականություն է դավանում։

Նուսբաումերը առաջին օտարերկրացին չէ, որը կալանավորվել է Մյանմայում բուդդայականությունը վիրավորելու մեղադրանքով։

2015թ. մարտին Նոր Զելանդիայի քաղաքացին, որը ձերբակալվել էր Մյանմայի երկու քաղաքացու հետ միասին, դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման՝ տաժանակիր աշխատանքներով, բուդդայականությունը օնլայն գովազդում վիրավորելու համար, որտեղ եղել է Բուդդայի փսիխոդելիկ պատկերը ականջակալներով, դիջեյի ոճով։ Նա երկրից արտաքսվել է հաջորդ տարի։