Չինաստանը եւ Հյուսիսային Կորեան չեղարկել են 2020-ից ի վեր առաջին ավիաչվերթները երկու երկրների միջեւ, որոնք նախատեսված էին երկուշաբթի առավոտյան։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին տեղեկացրել է Պեկինի «Շոուդու» միջազգային օդանավակայանի տեղեկատու ծառայությունը։

«Փհենյանից կատարվելիք եւ հակառակ ուղղությամբ չվերթները, որոնք նախատեսված էին այսօր, չեղարկվել են»,- տեղեկացրել է օդանավակայանի աշխատակիցը։

Նա խորհուրդ է տվել հետեւել Պեկինից Հյուսիսային Կորեա հետագա թռիչքների մասին տեղեկություններին։ Նա չի նշել Փհենյան եւ հակառակ ուղղությամբ չվերթների չեղարկման պատճառը՝ խորհուրդ տալով դրա համար դիմել այն կազմակերպությանը, որը պետք է կատարեր դրանք։

Ավելի վաղ «Շոուդու»-ի կայքում հրապարակվել էր տեղեկություն, որի համաձայն՝ տեղի ժամանակով ժամը 09.50-ին Պեկինում սպասվում էր ինքնաթիռը Փհենյանից. JS151 չվերթը ծրագրում էր իրականացնել Հյուսիսային Կորեայի Air Koryo ընկերությունը։ Հակառակ ուղղությամբ թռիչքը (JS152) պետք է ապահովեր նույն ավիափոխադրողը ժամը 13.05-ին։