Չիկագոյից մի կին ձերբակալվել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա որդուն՝ Բարոնին, էլեկտրոնային փոստով գնդակահարելու սպառնալիքներ ուղարկելու մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրությանը։

Փաստաթղթի համաձայն՝ 41-ամյա Թրեյսի Մարի Ֆիորենսան մայիսին նամակ է ուղարկել՝ սպառնալով «առաջին իսկ հնարավորության դեպքում գնդակահարել» Թրամփին և նրա որդուն: Հաղորդագրությունն ուղարկվել է Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքի ուսումնական հաստատություններից մեկի ղեկավարին, որտեղ գտնվում է նախկին նախագահի նստավայրը՝ Մար-ա-Լագոյում։ Հունիսին Ֆիորենսան եւս մեկ նմանատիպ սպառնալից նամակ էր ուղարկել։

Արդարադատության նախարարության պաշտոնյաները կասկածյալին հարցաքննել են հունիսի 14-ին։ Արդյունքում նրանք գործի նյութերն ուղարկել են Ֆլորիդայի շրջանային դատարան, որտեղ այժմ Ֆիորենսան պետք է ներկայանա՝ ցուցմունք տալու համար: