Ճապոնիայի Խաղաղ օվկիանոսի ափին գտնվող Ֆուկուսիմա, Միյագի և Իբարակի պրեֆեկտուրաների բնակիչները մտադիր են սեպտեմբերի 8-ին դատական ​​հայց ներկայացնել պետության դեմ՝ պահանջելով դադարեցնել  վթարային «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի արտահոսքը օվկիանոս, տեղեկացնում է  Kyodo-ն։

Բացի այդ, հայց  կներկայացվի նաև Tokyo Electric Power էներգետիկ ընկերության դեմ, որը  ատոմակայանի օպերատորն է։ Ըստ հայցվորների, ջրի բացթողումը կհանգեցնի վնասակար նյութերի տարածմանը և կվնասի տարածաշրջանի բնակիչներին։ Դատարան դիմելու մտադրություն ունեցողների թվում են նաև տեղացի ձկնորսները, նշում է Kyodo-ն։

Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ ջրի բացթողումը կսկսվի օգոստոսի 24-ին, եթե եղանակային ու ծովային պայմանների առումով խնդիրներ չլինեն։ Ըստ Kyodo-ի, 2023 ֆինանսական տարում (ավարտվում է 2024 թվականի մարտի 31-ին) ատոմակայանից օվկիանոս կթափվի մոտ 31,2 հազար տոննա մաքրված ջուր։ Ընդ որում դրանում տրիտիումի խտության ընդհանուր մակարդակը կկազմի մոտ 5 տրիլիոն բեկերել։

2011 թվականի մարտի ցունամիի պատճառով «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում  խափանվեցին էլեկտրամատակարարման և սառեցման համակարգերը, ինչի հետևանքով երեք ռեակտորներում միջուկային վառելիքը հալվեց, ինչը ուղեկցվեց պայթյուններով և մթնոլորտ ճառագայթման արտանետումներով: Վարակվել են հսկայական տարածքներ, որտեղից տարհանվել են տասնյակ հազարավոր մարդիկ։ Ռեակտորները սառեցնելու համար օգտագործվել է ջուր, որի պահեստավորումը դժվարացել է մեծ ծավալի պատճառով՝ ավելի քան 1,25 մլն տոննա։ 2021 թվականի ապրիլին Ճապոնիայի կառավարությունը թույլ տվեց զգալի քանակությամբ ջուր լցնել օվկիանոս, որը, ինչպես պնդում են, ընդհանուր առմամբ մաքրված է  ռադիոակտիվ նյութերից, բայց դեռ պարունակում է տրիտում՝ ջրածնի ռադիոակտիվ իզոտոպ:

Tokyo Electric Power-ն ընդգծում է, որ ջրում տրիտիումի պարունակությունը մինչև բացթողումը հասցվում է Ռադիոլոգիական պաշտպանության միջազգային հանձնաժողովի և Ճապոնիայի կառավարության կողմից հաստատված անվտանգության ստանդարտի մեկ քառասուներորդին և Առողջապահության համաշխարհային  կազմակերպության կողմից խմելու ջրի համար սահմանված թույլատրելի նորմայի մեկ յոթերորդին։ Չնայած դրան, Տոկիոյի ծրագրերը մտահոգություն են առաջացնում մի շարք երկրների, առաջին հերթին Ռուսաստանի և Չինաստանի համար։ Նախատեսվում է 30 տարվա ընթացքում ջուրը օվկիանոս թափել փուլերով։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը մտադիր է շարունակաբար վերահսկել գործընթացը. վերջին տարիների ընթացքում կազմակերպության մասնագետները մի քանի ստուգումներ են իրականացրել ատոմակայանում: